Վերջին մեկ տարում հայ-չինական երկկողմ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել: Այդ մասին փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Յան Ցզեչին` հավելելով, որ 19 տարում հայ-չինական դիվանագիտական հարաբերությունները միշտ բնութագրվել են փոխադարձ աջակցությամբ, անկեղծ համագործակցությամբ եւ փոխշահավետությամբ:

Ըստ Ցզեչիի, այսօրվա դրությամբ Չինաստանն ու Հայաստանը վստահելի բարեկամներ եւ գործընկերներ են: Նա նաեւ շեշտել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Չինաստան կատարած այցերի կարեւորությունը:

Չինաստանի ԱԳ նախարարը նաեւ նկատել է, որ այսօր կայացած բովանդակալից բանակցություններում քննարկել են երկկողմ հարաբերությունները, կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ` գալով եզրահանգման, որ այսօր երկկողմ հարաբերություններում նոր հնարավորություններ են բացվում:

«Հայ-չինական բարեկամության եւ համագործակցության հետագա ամրապնդումը ոչ միայն բխում է երկու երկրների ընդհանուր ցանկություններից, այլեւ Չինաստանի եւ Հայաստանի շահերից»,- ասել է Շզեչին:

Խոսելով տարածաշրջանային հարցերի վերաբերյալ` Չինաստանի ԱԳ նախարարն ասել է. «Ինչ վերաբերում է որոշ, բավական զգայուն տարածաշրջանային հարցերին, ես եւս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Չինաստանի պաշտոնական տեսակետը: Մենք հուսով ենք, որ տվյալ հարցերը, այդուհանդերձ, կկարգավորվեն շահագրգիռ երկրների միջեւ երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով: Մենք ելնում ենք նրանից, որ այդ նպատակին հասնելը բխում է համապատասխան կողմերի շահերից եւ կնպաստի խաղաղությանը կայունությանն ու տարածաշրջանի զարգացմանը»: