ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ։ Մասնավորապես դատարանը չի ապացուցել, թե ինչ չափանիշով է ընտրվել նախագահող դատավորը։
Պաշտպանը նշեց, որ օրեր առաջ լրատվամիջոցից տեղեկացել են, որ վիճակահանությամբ է գործը մակագրվել դատավոր Ռուբեն Մխիթարյանին, մինչդեռ ըստ նրա՝ նման կարգ օրենքով նախատեսված չէ։ «Մենք դատարանից պահանջեցինք վիճակահանության արձանագրությունը, դատավորն ասաց, որ արձանագրություն չկա և պարզաբանեց, որ թեև վիճակահանություն եղել է, սակայն չգիտի դատարանի նախագահը գործը իրեն է հանձնարարել վիճակահանության արդյունքում, թե՞ այլ չափանիշի հիման վրա է որոշել, ինչը մեզ ավելի խճճեց։ Այնուհետև դատարանի նախագահի պաշտոնակատրից փորձեցինք ստանալ վիճակահանության արձանագրությունը, եթե նման փաստաթուղթ կա։ Դատարանի նախագահի պաշտոնակատարը պարզաբանեց, որ դատարանի կազմը որոշվել է պատահականության սկզբունքով եւ դատարանների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով»,- ասաց նա։
Ալումյանի խոսքով՝ դատարանի երկու հիմնավորումները հակասում են իրար. «Օրենքով պետք է որոշվի դատարանի կազմը եւ գործը պետք է քննի դատարանի այն կազմը, որը ձեւավորվել է օրենքի հիման վրա»,- ասաց նա։
Դատարանը պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 17:00-ին։
Ի դեպ՝ այսօրվա դատական նիստին ՀՀ գլխավոր դատախազը ներկա չէր։ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։
Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ինչն աննախադեպ երեւույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:











