Իրավապահ մարմինները բոլորը պետք է ենթարկվեն իշխանությանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից հնչող մեղադրանքին, թե ՀՔԾ-ն իշխանության գործիքն է դարձել:
«Իրավապահ մարմինները իշխանության մաս են: Եթե խոսքը քաղաքական պատվերի մասին է, ապա մեր իշխանության օրոք վստահաբար որեւէ քաղաքական պատվեր չի իջեցվում եւ այդ մարմիններն էլ որեւէ քաղաքական պատվեր չեն կատարում: Նրանք կատարում են այն, ինչը գրված է իրենց կանոնադրություններում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որն այսօր ինքը «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանին, արդյոք դա հատուկ էր արված, Արարտ Միրզոյանն ասաց. «Սա հատուկ էր արված մատուցված ծառայությունների համար: Այն բանի համար, որ այս մարմնում վերջապես կարողացել են առանց վերեւների քաղաքական շրջանակների կողմից հրահանգի կամ սահմանափակումների անել այն, ինչ պետք է անեն: Ի վերջո, մեր հասարակության տարբեր օղակներ, եւ նաեւ պետական կառավարման համակարգի օղակներ, պետք է սովորեն անել այն, ինչ գրված է իրենց կանոնադրություններում: Եթե պետք է, սկզբի համար պետք է նաեւ խրախուսել»:
Դիտարկմանը, թե դա չի՞ կաշկանդի Հրաչ Մուշեղյանին, առաջին փոխվարչապետը բացասական եզրակացություն տվեց. «Դա չի կաշկանդի, վստահ եմ՝ շահարկման առարկա չի դառնա»:











