Ես ձեզ չեմ ասելու, որ մենք վերեւից երկնքից աստղեր ենք իջեցնելու կամ ունենք կախարդական փայտիկ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Իջեւանում ընտրողների հետ հանդիպմանը ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ամենակարեւորը ես ուզում եմ ձեզ ասել, որ ես այսօր այստեղ եմ ներկայացնելու մեր ծրագիրը։ Ծառուկյանը բոլոր գիտի՝ խնդիրները եւ դրանց լուծումը։ Ես ապրել եմ այս երկրում, ապրելու եմ եւ իմ հնարավորության սահմաններում ինչ-որ կա՝ արել եմ, անելու եմ՝ անկախ ձայներից ինչքան կտաք՝ չեք տա»,–նշեց նա։

Ամենակարեւոր խնդիրը ժողովրդի համար, ըստ Ծառուկյանի, բանկային համակարգն է. «Այսօր ամբողջ ազգովի բանկի տակ են, տոկոսի տակ են, վարկերի տակ են: Մենք ունենք 650 հազար ընտանիք, եւ ունենք միլիոն ու կես վարկառու, այսինքն՝ ամեն ընտանիքին 2 ու կես մարդ, համարյա 3 մարդ վարկի տակ է, այսինքն՝ կինը, ամուսինը, տղան, աղջիկը, մեկը վերցնելով, մյուսը փակելով: Խնդիրը պետք է կարգավորվի: Եվ պետության աջակցությունն է պետք եւ բանկերի սեփականատերերի: Այդ վիճակով բանկերի գրավներն էլ են արժեզրկվում»:

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ այսօր վարկը  8-14 տոկոս է, բայց մարդկանց տարեկան շահույթը 7 տոկոս է, եթե վարկ վերցնես, ո՞նց ես տակից դուրս գալու. «Ո՞նց կարող է նման բան լինել, տուժելու դեպքում, ուրեմն գրավն էլ է կորելու: Պետք է լինի այնպես, որ դու բանկից տոկոս ես վերցնում, պետք է այն տարվա շահույթից պակաս լինի: Բանկի տոկոսը պետք է լինի 3-4 տոկոս, որ ժողովուրդը կարողանա շնչել»:

Նրա համոզմամբ՝ ուսանողներին պետք է հնարավորություն տալ ուսման վարձերը վճարել ուսումնառությունից 10 տարի անց. «Ուսանողներն այսօր ուզում են սովորել, բայց ծանր վիճակից չեն կարողանում վարձերը վճարել, 3-4–րդ կուրսից դուրս են մնում: Գիտելիքով երեխան պետք է պիտանի մարդ դառնա, որ տնտեսություն զարգացնի։ Ծնողն էլ չի քնի, որ իմանա երեխան դուրս է մնում։ Պետք է որոշում կայացվի, որ ով ուզում է՝ սովորի, վարձը 10 տարի հետո վճարի»։

Ծառուկյանը շեշտեց՝ փոքր ու միջին բիզնեսին պետք է հնարավորություն տանք, թեթեւացնենք հարկերը. «Նրանք նոր ծիլեր են, ամբողջ աշխարհում փոքր ու միջին բիզնեսը պետության ողնաշարն է։ Տնտեսական ճգնաժամի ժամանակ հարկերը չեն ավելացնում, ավելացնելու դեպքում դառնում են գործազուրկ, հիմնարկները սնանկանում են, ժողովուրդն էլ նպաստ է ստանում կամ արտագաղթի ճանապարհն է բռնում»:

Ծառուկյանի խոսքով՝ լուրջ է նաեւ առողջապահության խնդիրը, իսկ պետպատվերը չարիք է։ Նրա համոզմամբ՝ ամեն մարզում պետք է անվճար հիվանդանոց լինի, որտեղ բնակիչները կկարողանան բուժօգնություն ստանալ։

ԲՀԿ առաջնորդը շեշտում է՝  պետք է առաջվա պես ամեն մարզում զարգացնել այն, ինչում տվյալ մարզը մասնագիտացած է եղել։

«Անհնարին ոչինչ չկա, մենք պետք է ոչ թե խնդրենք մարդկանց գալ եւ ներդրում անել, այլ իրենք պետք է գան խնդրեն, ներդրում անեն։ Դրա համար հարկերը պիտի պակաս լինեն, հնարավորություններ ստեղծվեն։ Հիմա ոնց որ Դուբայում՝ առաջ հարկեր չի եղել, աշխարհի ամենալավը կառուցել են, հիմա արդեն հարկեր են դրել»,– նշում է նա՝ հավելելով, որ մեր հաղթանակը միասնության մեջ է։ 

Ծառուկյանը նկատում է՝ մարդը պետք է բարի լինի, կամեցող լինի, իսկ նախանձ մարդը գիշերը հանգիստ չի քնում։

«Ես իմ թիմին ասել եմ՝ հարգելի գործընկերներ, եթե իմանամ մեկի վրա ցեխ եք շպրտել, իմացեք՝ կուսակցությունից կհեռացնեմ։ Դուք ձեր գործը ներկայացրեք»,– նշեց նա՝ հավելելով, որ նաեւ եթե մեկը փորձի ցեխ շպրտել ԲՀԿ–ի վրա, ապա «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հանրությանը «նրա անցածը կետ առ կետ կասեն՝ ով ա, ինչ ա, ումն ա, ինչի շնորհիվ ա, ինչի համար ա անում եւ իրա նպատակն ինչ ա»: