Նիկոլ Փաշինյանը բացարձակ հեռու է Արցախի հարցին տիրապետելուց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ համամասնական ցուցակի 3–րդ համար Դավիթ Շահնազարյանը։
«Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական բանավեճն իջեցնել հայհոյանքի աստիճանի, դա շարքային սադրանք է, դա նրան չի հաջողվի, որեւէ դեպքում չենք իջնի այդ մակարդակին։ Փորձ է քաղաքական բովանդակությունը եւ քաղաքակիրթ քննարկումն իջեցնել հայհոյանքի աստիճանի, դա իշխանություններին չի հաջողվի։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, նշանակում է, որ նա բացարձակ հեռու է Արցախի հարցին տիրապետելուց, անիմաստ հայտարարությունները մեկնաբանելու կարիք ես չունեմ։ Եթե ցանկանում է, Արցախի հարցով հրավիրում եմ բանավեճի, Նիկոլ Փաշինյանին կամ ԱԳ նախարարին»,– ասաց Դավիթ Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27–ին Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Սասուն Միքայելյանի այն հայտարարությունը, թե հեղափոխությունն ավելի կարեւոր է, քան Արցախյան հերոսամարտը, ներկայիս Կառավարության քաղաքական ծրագիրն է։
«Այսինքն, իշխանություն Արցախի փոխարեն։ Սասուն Միքայելյանն արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը: Այսօրվա իշխանությունը Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ադրբեջանը»,– ասել էր նա։
Նույն օրը Ստեփանավանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր Դավիթ Շահնազարյանին. «ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի այս հայտարարությունից դեռ շատ առաջ ես հայտարարել եմ, որ մեր կառավարությունը Ղարաբաղի հարցն ուզում է լուծել այնպես, ինչպես ուզում է ձեզնից յուրաքանչյուրը: Եթե այսքանից հետո ՀՀԿ-ն ասում է, որ մեր կառավարությունն ուզում է Ղարաբաղի հանձնել, ուրեմն ՀՀԿ-ն ժողովրդին մեղադրում է, որ ժողովուրդն ուզում է Ղարաբաղը հանձնել:
Ու սա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ով իմ խորին համոզմամբ, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ վարել է Ղարաբաղը հանձնելու քաղաքականություն»:











