Ես չեմ ուզում որեւէ ածական օգտագործել, բայց Նիկոլ Փաշինյանի նախօրեին արված հայտարարությունն իմպուլսիվ հայտարարություն չէր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 3–րդ համար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը։ 

«Դա բավական լավ մշակված, էքսպրոմտի տեսքով ներկայացված հայտարարություն էր։ Դա նույն շղթայում է, ինչ սկսվեց Սասուն Միքայելյանի հայտարարությունից։ Դուք ինքներդ համոզվեցիք, որ Արցախի Հանրապետության ղեկավարությունը բավական սառնասիրտ է, եւ այդ թեթևամիտ և սադրիչ հայտարարություններին որևէ պատասխան չեղավ, որովհետև Փաշինյանի այն փորձը, որ նա արդեն կատարում է իր թիմի հետ, նպատակաուղղված է ստեղծել հրապարակային բանավեճ ու հակադրություն Արցախի Հանրապետության իշխանությունների հետ։ Արցախի իշխանությունները նման սադրանքի, իհարկե, չեն տրվի, որովհետև ի տարբերություն Հայաստանում իշխող ներկայիս վարչախմբի, նրանք ունեն բարձր աստիճանի պատասխանատվություն»,– ասաց Շահնազարյանը։

Նա նշեց, որ մինչեւ հիմա որևէ մեկը Հայաստանում նման տոնով և նման բառերով ոչ միայն Արցախի իշխանություններին, այլև Արցախի քաղաքացուն չէր դիմել։