Մոսկվայի դիրքորոշումը Թբիլիսիի նկատմամբ չի փոխվի՝ Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքներն ինչպիսին էլ որ լինեն: Այս մասին ուրբաթ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պահպանում ենք մեր դիրքորոշումը, որն այդ պետության հետ հարաբերություններում լավ հայտնի է: Ռուսաստանը չի եղել դիվանագիտական հարաբերությունների խզման նախաձեռնողը: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ դա Վրաստանի իշխանությունների կողմից թույլ տրված վիթխարի սխալ էր,- ասել է նա: - Գործերի նման դրությունից տուժում են մեր երկու պետությունների ժողովուրդները»:
Դիվանագետը նշել է, որ Թբիլիսիի հետ շփումները շարունակվում են այնպիսի տարբեր ուղղություններով, ինչպես՝ մշակութային երկխոսությունը, տնտեսությունը եւ հումանիտար կապերը, սակայն դրանք «դժվարանում են պետությունների միջեւ նորմալ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ»:




























