Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը, որը կասկածվում է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված եւ մեղադրվում Եմենում ռազմական հանցագործությունների մեջ, Բուենոս Այրեսում՝ G20 գագաթաժողովի ժամանակ, ոչ պաշտոնական զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է The Guardian-ը:

Տեսագրված խոսակցության ժամանակ Էր Ռիադի արքայազնը Մակրոնին ասում է «Մի անհանգստացեք».

Պետությունների ղեկավարները չգիտեին, որ իրենց զրույցը տեսագրվում է:

The Guardian-ը նշում է, որ ավելի ուշ Ֆրանսիայի նախագահի օգնականը հաղորդել է, որ երկու պետությունների ղեկավարների զրույցի հիմնական թեման Խաշոգջիի սպանությունն էր եւ Եմենում ռազմական հակամարտությունը:

Հրատարակությունը նշում է, որ զրույցի ընթացքում Մակրոնը հետեւյալ կերպ է պատասխանել արքայազնի ասածներին՝ «Ես անհանգստանում եմ: Ես անհանգստացած եմ... Ես Ձեզ ասել եմ»:

«Այո, Դուք ինձ ասել եք: Շատ շնորհակալություն», - պատասխանում է արքայազնը:

«Դուք երբեք չեք լսում ինձ», - պատասխանում է Մակրոնը:

«Ոչ: Իհարկե, ես Ձեզ լսում եմ», - պատասխանում է Մուհամմեդ բին Սալմանը եւ լայն ժպտում է՝ նկատելով տեսախցիկը:

«Որովհետեւ ես Ձեզ ասել եմ: Դա ավելի կարեւոր էր Ձեզ համար», - պատասխանում է Մակրոնը եւ ժպտում, տեսախցիկից շրջվելով եւ արքայազնի հետ առանձնանալով՝ զրույցը շարունակելու համար:

Դրանից հետո Մակրոնը անհասկանալի մի բան է ասում, ինչին արքայազնը պատասխանում է. «Ամեն ինչ լավ է: Ես կարող եմ դա լուծել»:

Ֆրանսիայի նախագահի գրասենյակում հրատարակությանը հայտնել են, որ G20-ի շրջանակներում երկու երկրների ղեկավարները 5 րոպեանոց զրույց են անցկացրել, որի ժամանակ Մակրոնը արքայազնին Խաշոգջիի մահվան, ինչպես նաեւ Եմենում քաղաքական իրավիճակի լուծման հետ կապված բավական կոշտ ուղեւրձ է հղել: