Առաջիկա 5 տարիներին մենք պետք է լրջորեն զարգացնենք Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Եղեգնաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ռազմաարդյունաբերական համալիրը տնտեսության այն ոլորտն է, որը թողարկում է որոշակի ռազմական, կամ երկակի նշանակության արտադրանք, մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնելու ռազմաարդյունաբերական, բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկմանը։ Եւ մենք հույս ունենք, որ առաջիկա տարիներին մեզ կհաջողվի այս ճյուղը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ։ Դա մեզ կօգնի ոչ միայն հազարավոր աշխատատեղեր ստեղծել, այլ մեզ կօգնի շատ ավելի ինքնուրույն դարձնել Հայաստանի անվտանգության կարիքները։ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը մեզ համար լինելու է բացարձակ եւ կատարյալ առաջնահերթություն»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում այդ մտավոր կապիտալը կա. «Հայաստանում այսօր կան ձեռնարկություններ, որոնք կարող են կատարել ՀՀ Զինված ուժերի պատվերը, եւ մենք հույս ունենք, որ այստեղ կկարողանանք թռիչքային զարգացում ապահովել, նոր ներդրումներ բերել եւ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք իսկապես Հայաստանը վերածել տռեխնոլոգիական երկրի»։



























