ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով նոյեմբերի 29-ին ներկայացրած բողոքը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

«Բայց ուզենք, թե չուզենք այդ բողոքը քննվել է սույն գործի շրջանակներում. այլ ընթացակարգ չկա, բողոքում ասվածը հիմք կընդունի դատարանը, թե ոչ, կորոշի խորհրդակցական սենյակում»,- ասաց Օրբելյանը։

Խոսքը վերաբերում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունից հետո ի հայտ եկած հանգամանքներին։ Ըստ պաշտպանական կողմի՝  երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը կայացվել է որոշակի ճնշումների ներքո: «Երբ լսում ենք ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները, ստացվում է, որ առաջին ատյանի դատարանում կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացված է եղել այն նպատակով, որպեսզի անձանց ստիպեն ցուցմունք տալ: Այսինքն՝ այդ միջնորդությունը օրինական նպատակ չի հետապնդել: Որպեսզի պարոն Քոչարյանին կալանավորեն, նախ, պետք է ապացուցված համարեն, որ նա այս գործով չպետք է օգտվի անձեռնմխելիության իրավունքից»,- ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Նշենք, որ այս պահին դատարանը շարունակում է քննել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։ Ավելի վաղ Քոչարյանի պաշտպանները դիմել էին նաեւ քննչական կոմիտե՝ ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ ՔԿ–ում քննվող գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու համար, որը սակայն վարույթն իրականացնող մարմինը մերժել էր։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։