Facebook-ը կողմնակի ընկերություններին կթույլատրի սոցցանցի հիման վրա հավելվածներ ստեղծել, որոնք մրցակցություն կստեղծեն  դրանում գոյություն ունեցող ծառայություններին եւ գործառույթներին, հաղորդում է TechCrunch-ը:

Սոցցանցի ներկայացուցիչները հաստատել են, որ ֆեյսբուքի համար նոր հավելվածներ մշակողների համար կաննոններից մեկը չի գործի: Այն հետեւյալն է՝ «Հանրությանը յուրահատուկ արտադրանք ներկայացրեք: Մի կրկնօրինակեք հիմնական գործիքակազմը, որն արդեն ներկայացված է  Facebook-ում»:

Պորտալը նշում է, որ նախկինում սոցցանցի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ կողմնակի ընկերությունների հավելվածների համար սահմանափակումներ էր կիրառել: Օրինակ՝ 2013-ին հաղորդագրությունների փոխանակման երկու հավելվածների՝ Voxer-ի եւ MessageMe-ի համար, որոնք բավական հայտնի էին դարձել: Դրանցում օգտագործվում էր Facebook-ում օգտատիրոջ ընկերների ցուցակի տեղեկատվությունը:

Ըստ TechCrunch-ի, դրանք մրցակցություն էին ստեղծում նույն գործառույթն իրականացնող Facebook Messenger-ին:

Արդյունքում Voxer-ի եւ MessageMe-ի համար ընկերների ցուցակի հասանելիությունը սահմանափկվեց, ընդ որում դրանց որոշ գործառույթները հետագայում իրագործվեցին Facebook Messenger-ում:

Հրատարակությունը նշում է, որ նշված արգելքի չեղարկումը զգալիորեն կնվազեցնի ռիսկերը, որոնք կապված են Facebook-ի հիման վրա հավելվածների մշակման հետ: