Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության շուկան շատ կարեւոր է:  Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ երկրների գագաթաժողովի նախաշեմին տնտեսական տեսաբան Նիկոլայ Կորժենեւսկուն տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է ԵՏՄ-ի եւ Հայաստանի դերի իր ռազմավարական տեսլականը:

«Կարծում եմ, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրների համար հիմա ակնհայտ է, որ գլխավոր խնդիրը այն խոչընդոտների հաղթահարումն է, որ կան փոխադարձ առեւտրի եւ փոխադարձ տնտեսական ինտեգրման ոլորտներում: Նախորդ նիստերից մեկի ժամանակ նշվեց, որ այժմ ԵՏՄ-ում տնտեսական ինտեգրման տեսակետից  պաշտոնապես գոյություն ունի մոտ 100 խոչընդոտ՝ օրենսդրական, գործնական, լոգիստիկ եւ այլն:

ԵՏՄ-ում գոյություն ունեցող խոչընդոտների հաղթահարումը մեզ համար գլխավոր առանջնայնություն է»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, միաժամանակ, նշել է Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության շուկայի կարեւորության մասին: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության աշխատանքի առաջնային ուղղությունն է  ԵՏՄ պայմանագրում ամրագրվածին ամբողջական հասանելիությունը, ինչպես նաեւ ԵՏՄ շուկաներին հայկական բիզնեսի ամբողջական հասանելիության ապահովումը:

Փաշինյանը նաեւ հիշեցրել է Եվրամիության երկրների հետ առեւտրում GSP եւ GSP+ ռեժիմի գոյության մասին: Ինչպես նշվել է, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

«Սակայն մենք այս կամ այն կողմի հետ չենք աշխատի ԵՏՄ-ում մեր ինտեգրացիոն գործընթացների հաշվին»,- շեշտել է նա: