Google-ի փորձնակներից մեկը թրեյնինգի ժամանակ սխալ կոճակ է սեղմել, որի պատճառով շատ վեբ կայքերում ու հավելվածներում դեղին ուղղանկյան տեսքով դատարկ գովազդային հայտարարություն է հայտնվել, հայտնում է Financial Times-ը։

Գովազդային արդյունաբերությունում FT-ի աղբյուրը հրապարակված հայտարարությունը 10 մլն դոլար է գնահատել։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատակիցներին պատմել են այն մասին, թե ինչպես պետք է օգտվել Google AdX ներքին համակարգից՝ համացանցում իրական ժամանակում գովազդային հայտարարություն գնելու համար։

Փորձնակներից մեկը պատահաբար ընկերության համար 25 դոլար արժողությամբ գովազդային հայտարարություն ձեռք բերելու դիմում է ներկայացրել, որը շուկայական գնից 2-4 դոլարով թանկ է։

Google-ում սխալը 45 րոպե անց են նկատել, այդ ամբողջ ժամանակ այդ հայտարարությունը տեսանելի է եղել ԱՄՆ-ից ու Ավստրալիայից օգտատերերին, որից հետո դրանք ջնջվել են բոլոր կայքերից։