Ընտրություններում մեծամասնության հաղթանակը պատասխանատվությունը դնում է նոր մեծամասնության վրա: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ դիտորդների պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Պոցեյը:

«Իհարկե, սա առաջին քայլն է: Եթե բարեփոխումներ չհետեւեն, եւ հիմնականում դատական համակարգի բարեփոխումը, սա խնդիր կդառնա»,- նշեց նա՝ պատասխանելով այն հարցին, թե դիտորդներն ինչպես են գնահատում այն փաստը, որ Հայաստանի խորհրդարանում, ըստ երեւույթին, ընդդիմություն չի լինի:

Դիտորդներն ընդգծել են, որ իրենք չպետք է դատեն, թե խորհրդարանն ինչպես է աշխատելու, քանի որ ժողովրդի կամքն արտահայտվել է ընտրությունների ժամանակ: «Մենք մարդկանց կամքը չենք դատում: Առաջիկա տարիներին պարզ կլինի՝ խորհրդարանում ընդդիմություն կլինի, թե ոչ»,- ասաց դիտորդներից մեկը:

Ի պատասխան ընտրողների պասիվ մասնակցության մասին հարցին, դիտորդները կրկնեցին, որ քաղաքացու իրավունքն է մասնակցել կամ ոչ: Սակայն նրանք, ովքեր ընտրությունների չեն գնում, պետք է իմանան, որ տանը մնալով ստանում են այն, ինչն ուրիշներն են ընտրում:

«Հնարավոր է՝ հաջորդ ընտրություններին նրանք կգնան քվեարկության, եթե չբավարարվեն»,- հավելեց ԵԱՀԿ դիտորդների կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող եւ ղեկավար Պիտեր Օսուսկին: