«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի խոչընդոտելու կոալիցիոն նոր հուշագրի կենսագործմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` մեկնաբանելով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովի հայտարարությունն այն մասին, որ աշխարհում ոչինչ հավերժ չէ եւ ցանկացած փաստաթուղթ, այդ թվում եւ կոալիցիոն հուշագիրը, գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ ակտուալ են դրա ստորագրման հիմքերը: «Մենք այդ հուշագիրը ստորագրել ենք բաց սրտով եւ ազնիվ մտքով, առանց ետին մտքի: Եւ այնքան ժամանակ, քանի կան այն քաղաքական պատճառները, որոնք թելադրել են այդ հուշագրի ստերագրումը, մենք հավատարիմ կմնանք դրան: Մենք այդ հուշագրի համար երբեք խոչընդոտ չենք լինելու»,-հայտարարեց Սաֆարյանը:
Նշենք, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրել են գործող խորհրդարանի երեք ուժերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Հուշագրում մասնավորապես ասվում է. «Կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: …Քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»:





























