Եվրամիության առաջիկա գագաթնաժողովին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես կգա Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների ժամկետի երկարացման կողմ։ «Մոսկվային առ այսօր չի հաջողվել առաջընթաց գրանցել մինսկյան համաձայնագրերի իրականացման հարցում»,-հայտարարել է Մերկելը՝ պատասխանելով Բունդեսթագի պատգամավորների հարցերին, փոխանցում է DW-ն։   

Այն մասին, որ Բեռլինում ԵՄ գագաթնաժողովից ակնկալում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների գործողության ժամկետի երկարացում, հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը Reuters գործակալությանը։ Միաժամանակ, նա հավելել է, որ ԵՄ-ում էլ դեռեւս կոնսենսուս չկա ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ընդլայման հարցով Կերչի նեղուցում վեճի պատճառով։

ԵՄ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 13-14-ը։ Օրակարգային հարցերից են Brexit-ը եւ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները։