Եվրամիությունը չի ծրագրում Կերչի նեղուցում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական միջադեպի պատճառով նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ։ Այս մասին է վկայում դեկտեմբերի 13-ին բացված ԵՄ երկրների գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը՝ տեղեկացնում է AFP-ն։
Փաստաթղթից ելնելով՝ ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները մտադիր են իրենց «ծայրահեղ անհանգստությունը» արտահայտել Կիեւի եւ Մոսկվայի միջեւ հակամարտության նոր սրման կապակցությամբ, սակայն նոր պատժամիջոցների մասին խոսք չկա։ ԳԴՀ կառավարությունում աղբյուրին հայտնել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցում Եվրամիությունում տարաձայնություններ կան։ Միաժամանակ, գագաթաժողովի մասնակիցները մտադիր են Կիեւին «Ուկրաինայի համապատասխան տարածքների ավելի լայն աջակցություն» խոստանալ։
Ամփոփիչ հայտարարության նախագծից երեւում է նաեւ, որ ԵՄ երկրները պատրաստվում են կրկին իրենց աջակցությունը հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը։ «Ռուսաստանի կողմից ռազմական ուժի կիրառումն արդարացում չունի»,- ասվում է փաստաթղթում։





























