Sophos ընկերության կիբեր անվտանգության ոլորտի հետազոտողները Android համակարգով սարքերի համար վնասակար ծրագիր են  հայտնաբերել, որը մարտկոցի արագ լիցքաթափում է առաջացնում, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Mirror-ին:

Վնասակար ծրագրային ապահովումը հայտնաբերվել է Google Play խանութի մի քանի ծառայություններում եւ Andr/Clickr-AD անվանումը ստացել:

Վարակված հավելվածների մեջ եղել է քլիկեր, որը գեներացրել է գովազդային հղումներով անցումները եւ աշխատել անկախ նրանից հավելվածը գործել է, թե ոչ: Մշտական ակտիվությունը մարտկոցի արագ լիցքաթափմանն է հանգեցրել: Պարզվել է, որ վարակված են ավելի քան 20 հավելվածներ, որոնք 2 մլն անգամ բեռնվել են:

Չարագործներն իրենց ծրագրերը գովազդատուների համար ներկայացրել են որպես iOS հավելվածներ, ինչը թույլ է տվել նրանց ավելի շատ եկամուտ ստանալ: Ներկա պահին վարակված ծրագրերը հեռացվել են  Google Play-ից:

Փորձագետները խորհուրդ են տվել հակավիրուսներ օգտագործել, իսկ տուժողներին առաջարկել են նախնական կարգավորումներին վերադառնալ, սակայն զգուշացրել են, որ այդ դեպքում հեռախոսի տեղեկատվությունը ջնջվելու է: