Գազի գինը ԱԳՆ իրավասության ներքո չէ: Դեկտեմբերի 20-ին ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ ի պատասխան իրավիճակի մանրամասները պարզելու լրատվամիջոցներիկ փորձերի:

«Հարցը ԱԳՆ իրավասության ներքո չէ: Բայց կարող եմ ասել, որ փոխվարչապետի պաշտոնակատար Ավինյանը մեկնաբանել է՝ ասելով, որ բանակցությունները շարունակվում են»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «168 ժամ» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Նամակում նա նշել է, որ ռուսական գազը սահմանին կարժենա 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, եւ դա քննարկման ենթակա չէ: «Այս մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ավինյանից: Նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, սակայն, ասաց, թե Ավինյանն օրվա ընթացքում հանդիպումներն ունի եւ չի կարող պատասխանել, փոխարենը՝ գրասենյակը, ըստ սահմանված կարգի՝ 5 օրվա ընթացքում կպատասխանի հարցմանը: Ավելացնենք, որ ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով»,- նշել էր պարբերականը: