Մոսկվայի քաղաքային դատարանը տնային կալանքի է տեղափոխել Մոսկվայի «Սֆերա» պլաստիկ վիրահատության կլինիկայի տնօրեն Գուլնարա Շահին, որին ավելի վաղ ձերբակալել էին կլինիկայի հաճախորդ Կարոլինա Սարգսյանին վնաս պատճառելու համար:

Շահի կլինիկայում աղջկան րինոպլաստիկա են արել՝ քթի ձեւի փոփոխության վիրահատություն, որից հետո հաճախորդը կոմայի մեջ է ընկել: Նրա մոտ գանգի ոսկրերի կոտրվածք էին հայտնաբերել: Քրեական գործ էր հարուցվել:

Այսօրվա նիստի ընթացքում դատարանը հարցքաննել է վկայի, որը հաստատել է, որ պատրաստ  է Գուլնարա Շահին տնային կալանքի համար իր բնակարանը տրամադրել, քանի որ վերջինս Մոսկվայում բնակարան չունի: Գործի մեջ ներգրավված են նաեւ անեստեզիոլոգ Լեւ Խիտրինը, որը հենց սկզբից տնային կալանքի էր ենթարկվել եւ վիրաբույժ Գեւորդ Ստեփանյանը, որը կալանքի տակ է:

Կլինիկան պլաստիկ վիրահատությունների անցկացման լիցենզիա չուներ, այժմ այն փակ է, տարածքի վրա կնիք  է դրված, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Քննության ժամանակ պարզվել է, որ անեստեզիոլոգ Լեւ Խիտրինը մինչ այդ աշխատել է Մոսկվայի մեկ այլ կլինիկայում՝ Medlounge-ում, որտեղ երեք հաճախորդները անհաջող անցկացված վիրահատություններից հետո մահացել էին: Տուժողի փաստաբան Անդրեյ Միշոնովի խոսքով՝ մեղադրյալներից դեռ ոչ ոք չի ընդունել իր մեղքը եւ չի առաջարկել փոխհատուցել Կարոլինա Սարգսյանին պատճառված վնասը: