Ներկայումս Հայաստանի մի քաղաքացի կապի մեջ է Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Տղամարդու անունը չի հաղորդվում անվտանգության նկատառումներով, հայտնի է, որ նա աշխատում էր Լիբիայում պայմանագրով:
Տիգրան Բալայանը նկատել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը աշխատում է սերտ կապի մեջ Մերձավոր Արեւելքի դեսպանատների հետ:
Լիբիայում փետրվարի 15-ից զանգվածային ցույցեր են սկսվել նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականի պահանջով: Հաղորդվում է մի քանի հարյուր սպանվածների մասին: Լիբիայի ռազմական օդուժն այսօր հարված է հասցրել Բենգազիի ցուցարարներին: Հարվածի թիրախը եղել է ռազմակայանը, որի անձնակազմն անցել էր ռեժիմի հակառակորդների կողմը: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:




























