Երկակի ստանդարտներ են կիրառվում Քոչարյանի նկատմամբ նրան մեղսագրվող հոդվածի հետ կապված։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն՝ անդրադառնալով Քոչարյանին առաջադրված հոդվածին։

«Պաշտպանական կողմն ասում էր, որ 2008 թվականին ՔՕ-ում գոյություն ուներ 300-րդ հոդված, բայց գոյություն չուներ ներկայում գործող այդ 300․1 հոդվածը, պարոն Քոչարյանին այսօր մեղադրանք է  առաջադրված այդ 300․1 հոդվածով, հետեւաբար որպեսզի այդ հոդվածով իրավունք ունենան մեղադրանք առաջադրել, նախ անհրաժեշտ է, որ հիմիկվա 300․1 հոդվածը ավելի վատթարացնող չլինի քան էն ժամանակվա 300-րդ  հոդվածը։ Մենք ասում ենք, որ այս հոդվածը մեղադրյալի վիճակը վատթարացնում է, քննիչներն ասում են, որ չի վատթարացնում, դատախազներն ասում են, որ չի վատթարացնում, իսկ դատարանն այս մասին ընդհանրապես ոչինչ չի ասում։ Եկեք մի համեմատություն անցկացնենք, նախորդ 300 հոդվածով նաեւ մեղադրանք  է առաջադրված եղել զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից մեկին՝ Ալեքսանդր Արզումանյանին, հետո  երբ 300-րդ հոդվածը տրոհվեց, որովհետեւ չէր համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին եւ ձեւավորվեց նոր 300 հոդվածը եւ ենրկա գործող 300․1 հոդվածը, Ալեքսանդր Արզումանյանի մեղադրանքը չվերաորակվեց 300․1 հոդվածին, ոչ էլ 300 հոդվածին, որովհետեւ դատախազությունը համարեց, որ 300-րդ եւ 300․1-րդ հոդվածները 2008 թվականին գործող 300-րդ հոդվածի համեմատ վատթարացնում են մեղադրյալի վիճակը։ Իսկ հիմա երկակի ստանդարտներ են գործում պարոն Քոչարյանի դեպքում պարզվում է, որ չի վատթարացնում պարոն Քոչարյանի վիճակը նախկինում գործող 300 հոդվածի համեմատ»,-ասաց փաստաբանը։

Ալումյանի խոսքով՝ եթե նույն իրավիճակում օրենքը մի մարդու նկատմամբ կիրառվում է բոլորովին  այլ կերպ, քան մինչեւ էդ է կիրառվել, կամ դրանից հետո է կիրառվելու, սա հիմք է տալիս մտածելու, որ այստեղ ոչ թե օրենքի խնդիր կա, այլ հաշվեհարդարի, կամ ինչպես ընդունված է ասել վենդետայի, կամ ինչպես իրավաբաններն ու իրավապաշտպաններն են ասում՝ սա քաղաքական հետապնդում է․ «Եթե անձի նկատմամբ քաղաքկան նկատառումներից ելնելով վարվում են այլ կերպ, քան մինչեւ այդ վարվել են ուրիշների հետ։ Շատ երկար ճանապարհ է անցել այս գործը եւ շատ երկար եմ ես խորհել, մինչեւ այս բառը ես կիրառել եմ։ Բայց հիմա ես հստակորեն ասում եմ՝ սա քաղաքական հետապնդում է։ Էս քրեական գործն օգտագործում են, որպեսզի հանրությանը ապացուցեն, որ չէ, Մարտի 1-ի դեպքերն այդ պես չեն եղել, ուրիշ ձեւ են եղել եւ օգտագործվում են ամենաուժեղ լծակները, որոնք էսօր Հայաստանում ունեն՝ իրավապահ մարմինների, ուժային կառույցների։ Ես համոզված եմ, որ դա նաեւ նրա համար է արվում, որ պարոն Փաշինյանի դատավճիռը վերանայվի, չի կարելի այդպես»։

Ալումյանի խոսքով՝ այս ընթացքում այնպիսի խախտումներ են թույլ տրվել, որ եթե նույնիսկ հետագայում ինչ-որ փուլից սկսած արդար գնա դատավարությունը, միեւնույն է՝ կայացված դատավճիռը չի լինելու օրինական եւ համոզիչ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ, իսկ առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը: Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ քրեական  դատարանը որոշումը կայցրել էր դեկտեմբերի 7-ին, նույն օրը Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ եւ կալանավորվել: