Սաուդյան Արաբիայում հայտնվել է առաջին ռոբոտ-պետծառայողը: Al Sabq պարբերականը հայտնում է, որ «Տեխնիկ» անունը կրող մեխանիկական աշխատակիցը ծառայողական վկայականը ստացել է անձամբ թագավորության կրթության նախարար Ահմեդ բեն Մուհամմեդ ալ Ասիից, որի ղեկավարությամբ այն կաշխատի:

«Պարոն նախարար, շնորհակալ եմ պատվի համար, խոստանում եմ օրինակելի աշխատող լինել»,- արաբերենով ասել է ռոբոտը՝ դիմելով նախարարին եւ արարողությանը մասնակցող մշակողներին:

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ ռոբոտը հավաքել եւ ծրագրավորել են սաուդցի մասնագետները:

Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությանն առընթեր Տեխնիկական եւ պրոֆեսիոնալ կրթության գլխավոր դեպարտամենտում «Տեխնիկը» կզբաղեցնի հրահանգիչի պաշտոնը: Նա առաջիկայում իր պարտականությունների կատարումը կսկսի մշակութային ժառանգության փառատոնում, որտեղ ներկայացված է նաեւ ռոբոտատեխնիկային եւ կիբեռնետիկային, ինչպես նաեւ թագավորությունում դրանց զարգացմանը նվիրված տաղավար: Անդրոիդը կշփվի այցելուների հետ, նրանց տեղեկություններ կներկայացնի փառատոնի եւ արաբական միապետության մասին:

Նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես ռոբոտների ներդրումը ներկայումս Սաուդյան Արաբիայում իրականացվող «Տեսլական-2030» ռազմավարական ծրագրի հիմքերից մեկն է: