Տարեկան մինչեւ 58․3 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսի համար Երեւան համայնքում տեղական տուրքերը 2019 թվականին չեն բարձրանա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա անդրադառնալով տեղական տուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին հարցին ասաց. «Որոշ տուրքեր այս նախագծով բարձրանում է, բայց քանի որ մեր քաղաքականությունն է աջակցել մանր ու միջին բիզնեսին, ուստի ես առաջարկում եմ հունվարի 15-ին արտահերթ նիստ ունենանք եւ այդտեղ սահմանենք բացառություններ մանր ու միջին բիզնեսի համար: Այն է՝ մինչեւ 58,3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպությունները կազատվեն այս բարձրացումներից: Այսինքն կշարժվեն հին տուրքերով: Ճիշտ է, մենք նիստը կանենք հունվարի 15—ին կամ 20-ին, բայց այդ որոշումը կգործի հունվարի 1-ից»:
Նշենք, որ Երեւան համայնքում տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագծով նախատեսվում է բարձրացնել մի շարք տուրքեր, որոնք 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ էական տարբերություն ունեն։











