Տուրքերի բարձրացման առաջարկը վերաբերում է միայն խոշոր ընկերություններին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, քաղաքապետարանում ճեպազրույցի ժամանակ նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով տուրքերի բարձրացման մասին ավագանու նիստի որոշմանը։

«Հունվարին ունենալու ենք արտահերթ նիստ, որտեղ արտոնություն կտանք փոքր եւ միջին բիզնեսին, շեմ կսահմանենք, որ տուրքերի բարձրացումը նրանց վրա չազդի։ Մենք այնպես կանենք, որ նրանց վրա դա չազդի»,–ասաց նա։

Քաղաքապետի փոխանցմամբ՝ խոսքը միայն խոշոր ընկերությունների մասին է. «Խոսքը սուպերմարկետների մասին է, խոշոր բենզալցակայնների, գազալցակայանների, ստրիպտիզ կլուբերի, կազինոների մասին է, որոնք պետք է սոցիալական պատասխանատվություն ստանձնեն եւ քաղաքի զարգացմանը նպաստեն»։

Նշենք, որ ամեն տարի Երեւանի բյուջեի նախագծի հետ մեկտեղ շրջանառության է դրվում Երեւան քաղաքում տեղական վճարների եւ տուրքերի մասին որոշման նախագիծը, որը կոչված է ապահովել քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասը:

Ընդ որում, Երեւան քաղաքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ կրել են փոփոխություններ, դրանք  էականորեն աճել են։