Արդեն 2 օր է՝ Երեւանում նկատվում է կաթնամթերքի որոշ տեսակների թանկացում։ NEWS.am-ն այս առումով փորձեց պարզաբանումներ ստանալ կաթնամթերք արտադրող ընկերություններից։
«Արզնի կաթ» ընկերության տնօրեն Արմեն Ջանվելյանն ասաց, որ առայժմ գների փոփոխություն չեն կատարել, սակայն կաթի արտադրության ինքնարժեքն, ընդհանուր առմամբ, բարձրացել է։ Ընկերությունն ունի կաթի սեփական արտադրություն, ուստի կաթնամթերքի գները իրենց մոտ առաջին հերթին կախված են ներմուծվող անասնակերի (ցորեն, եգիպտացորեն, ֆուրաժային կեր) ու վառելիքի գներից։ Վերջին 1 տարվա ընթացքում անասնակերը, ըստ Ջանվելյանի, թանկացել է մոտ 40 տոկոսով։
«Մարիաննա» ընկերության փոխտնօրեն Տաթեւիկ Հակոբյանն ասաց, որ մի քանի ամիս վնասով աշխատելուց հետո ստիպված են եղել որոշ թանկացումներ կատարել։ Պատճառներից մեկը, ըստ Տ. Հակոբյանի՝ որակի նկատմամբ հսկողությունն է։ «Կաթնամթերքի արտադրության համար օգտագործում ենք միայն կարագ, իսկ կարագը թանկացել է»,- ասաց Տ. Հակոբյանը։ Բացի այդ՝ թանկացել են արտադրության համար անհրաժեշտ մյուս նյութերը՝ ֆոլգաները, տարաները, անգամ՝ մակարդը։ Դրան գումարած նաեւ վառելիքի թանկացումը։ Ընկերությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին մանրամասն ներկայացրել է թանկացման պատճառները։
«Աշտարակ կաթ» ընկերությունից ներկայացրեցին հետեւյալ պարզաբանումը. «Աշտարակ կաթ» ընկերությունն իր արտադրատեսականու համար առայժմ ոչ մի գնային փոփոխություն չի իրականացրել: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով հումքի շուկայում արձանագրված զգալի գնաճը, կատարվում են մանրակրկիտ հաշվարկներ, որից հետո չի բացառվում որոշ ապրանքների գնային փոփոխություն: Ամեն դեպքում՝ «Աշտարակ կաթ» ընկերությունը հավաստիացնում է, որ ընկերությունն իր բոլոր գործողություններում հնարավորինս հաշվի կառնի սպառողի շահերը»:
«Բիոկաթ» ընկերությունից հաստատեցին, որ որոշ թանկացումներ տեղի են ունեցել, սակայն պարզաբանումներ չտվեցին՝ ընկերության ղեկավարը բացակայում էր։
Սամվել Ավագյան




























