Facebook-ի գրասենյակում զարգանում է անձի պաշտամունքը, ճնշվում է այլակարծությունը եւ կիրառվում է աշխատակիցների գնահատման անողորմ համակարգ: Այս մասին անանունության պայմանով CNBC ալիքին պատմել են ընկերության 12 նախկին աշխատակիցները, որոնք ազատվել են աշխատանքից 2016-ից 2018 թվականներին, հաղորդում է Life-ը:

«Նրանք պնդում են, որ խրախուսում են կարծիքների փոխանակումը, սակայն երբ ժողովի ժամանակ ես տվեցի անհարմար հարցեր, ստացա մի քանի զանգ զայրացած ղեկավարությունից: Մեզ բառացիորեն ստիպում էին ձեւացնել մեր աշխատանքից բավարարվածություն»,-հայտարարել է ընկերության նախկին մենեջերներից մեկը:

Աղբյուրները զուգահեռներ են անցկացնում Facebook-ի ներսում տիրող անառողջ մթնոլորտի եւ Մարկ Ցուկենբերգի վերջին անհաջողությունների հետ: 2018 թվականին ընկերության բաժնետոմսերն արժեզրկվել էին գրեթե 30 տոկոսով՝ օգտատերերի տվյալների գաղտնիության եւ fake news-ի տարածման մասին սկանդալների հետ կապված:

Բացի այդ, պարզվել է, որ Facebook-ի աշխատակիցների գնահատման համար կիրառվում է այսպես կոչված կենսագործուեության կորագիծը՝ համակարգ, որը ենթադրում է աշխատակիցների կոշտ «տեսակավորում»՝ կախված նրանց արդյունավետությունից: Չնայած նման գործելաոճը դեռեւս լայն տարածում ունի Սիլիկոնային հովտում՝ որոշ ընկերություններ (օրինակ՝ Microsoft-ը) բազմաթիվ բողոքների արդյունքում արդեն հրաժարվել են դրանից:

«Կնոջս հետ ամուսնալուծության ժամանակ ես չէի հասցնում մասնակցել թիմբիլդինգի միջոցառումներին աշխատանքից հետո, եւ դրա պատճառով իմ վարկանիշն իջեցրին»,-նշել է ընկերության աշխատակիցը:

Նախկին աշխատակիցների՝ կառավարման ավտորիտար ոճին կողմնակից լինելու մեղադրանքներին ի պատասխան՝ Facebook-ում հայտարարել են, որ աշխատակիցները մասնակցում են արտաշխատանքային միջոցառումներին կամավոր հիմունքներով: Աշխատանքից ազատված մենեջերները պնդում են, որ սոցցանցի մասին բացասական լուրերի ֆիլտրումը նույնպես ընկերության բոլոր աշխատակիցների պարտականությունն էր: