Ռումինաիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը փետրվարի 23-ին հանդիպել է Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկի հետ եւ զրուցել գիտության բնագավառում համագործակցություն հաստատելու եւ նախկին գիտական կապերը վերականգնելու մասին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցին մասնակցում էր նաեւ Ակադեմիայի փոխնախագահ Մարիուս Սալան:

ԳԱ նախագահ Իոնել Հայդուկը հիշեցրել է, որ դեռեւս 1998թ. հուլիսին Երեւանում երկու ակադեմիաների միջեւ ստորագրվել է Հուշագիր, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ տանել մի շարք բնագավառներում, մասնավորապես ֆիզիկա-մաթեմատիկական, տեխնիկական, քիմիա-կենսաբանական եւ հումանիտար ճյուղերում համատեղ գիտական ուսումնասիրություններ կատարելու, ինչպես նաեւ համակարգչային ցանցային ենթակառուցվածքների ստեղծման միջոցով գիտական տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ:

Ռումինական ԳԱ ղեկավարները, գոհունակությամբ նշելով 2008թ.Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը ռումինական ակադեմիայում, որն իրականացվել էր Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ, պատրաստակամություն են հայտնել վերականգնելու Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ կապերը: