Կարապի լճի տարածքում գործող սահադաշտը, օդի ջերմաստիճանի տաքացմամբ պայմանավորված, փետրվարի 22-ից դադարեցրել է իր աշխատանքները։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ տնօրեն Միքայել Վարդանյանը:

Նրա խոսքով, արհեստական սառույցը կարող է պահպանվել առավելագույնը +6 աստիճան տաքության դեպքում, այնինչ նախօրեին՝ ցերեկը գրանցված ավելի բարձր ջերմաստիճանի եւ օրերս տեղացող անձրեւների պայմաններում տեխնիկան այլեւս անզոր էր պահպանել սառույցը։ «Անցած տարի եւս սառցադաշտն իր գործունեությունը դադարեցրել էր փետրվարին»,- հիշեցրեց Վարդանյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Կարապի լճի սահադաշտը բացվել էր դեկտեմբերի 17-ին։

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս ձմեռ սահադաշտը մոտ 10 տոկոսով ավելի շատ հաճախորդներ է ունեցել, քան՝ նախորդ տարի։

Նշենք, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող գեղասահքի միակ դպրոցի սաները սեփական սահադաշտ  չունենալու պատճառով իրենց պարապմունքներն ստիպված անցկացնում են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մինչ այժմ երեխաները մարզվում էին նաեւ Կարապի լճի տարածքում ժամանակավորապես գործող սահադաշտում։