ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը իր բնույթով առաջինը չէ, նախկինում էլ եղել են նմանատիպ հայտարարություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման  միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը

Նա հիշեցրեց, որ բանակցային գործընթացում բազմաթիվ հանդիպումներ են եղել, այդ թվում Սոչիում, Մանդորֆում, որտեղ խոսվել է երկու երկրների քաղհասարակությունների համագործակցության մասին, սակայն ավելի ուշ դրանք մոռացվել են:

«Այդ տեսակի տեքստեր կարող են շատ լինել: Հասկանալի է, որ խոսում են անվտանգության խնդիրների, էսկալացիայի նվազման մասին, փորձում են ինչ-որ ձեւով այսօրվա իրավիճակ հանդարտ պահեն: Միգուցե դա կնպաստի ապագայում ինչ-որ բանակցային գործընթացներ սկսել: Բայց դա ավելի շատ կախված է նրանից, թե կողմերն այդ ընթացքում ինչ կանեն»,-նշեց Թեւան Պողոսյանը:

Նա նկատեց, որ այս ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Ադրբեջանն ինչ-որ առաջարկներ է արել, որոնք ողջունելի կլինեն, բայց որեւէ մեկն այդ առաջարկները չի տեսել ու չի լսել. «Սա նշանակում է, որ խոսքը խնդրի լուծման մասին չէ: Խնդրի շուրջը որոշ փոքր հարցերի մասին գուցե խոսում են, քննարկում են, միգուցե փորձում են մոտեցումներ ձեւավորել, բայց լուծման մասին դեռ չկա ոչինչ»:

Ի՞նչ է քննարկվել Մնացականյանի ու Մամեդյարովի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը