Ռուսաստանյան «Ռոստվերտոլ» ընկերությունը չի հաստատում Ադրբեջանին ՄԻ-35Մ մակնիշի մարտական ուղղաթիռներ վաճառելու մասին լուրը: Ընկերության ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում հրաժարվել է պաշտոնապես հաստատել այդ տեղեկությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն էին տարածել, թե Ադրբեջանը եւ «Ռոստվերտոլ» ընկերությունն 2010թ. սեպտեմբեր-հոկտեմբերին կնքել են պայմանագիր Մի-35Մ մակնիշի մարտական ուղղաթիռների 24 միավոր Ադրբեջանին վաճառելու մասին։
Մի-35Մ-ը բազմանպատակային մակնիշի ուղղաթիռ է, օգտագործվում է հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, հետեւակին աջակցելու, դեսանտ իջեցնելու, վիրավորներին տարհանելու եւ բեռներ փոխադրելու համար։ Ուղղաթիռը կարողանում է թռիչքներ կատարել եղանակային բարդ պայմաններում։




























