Եվրամիությունը շարունակում է ակտիվորեն մասնակցել Հարավային Կովկասի գործընթացներին: Այդ մասին հայտարարել է այցով Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ով ավարտում է իր առաքելությունը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը դառնում է  ավելի ու ավելի լուրջ հարց Եվրամիության համար: «Մենք շարունակում ենք մեծ հետաքրքրություն ցուցաբերել այդ գործընթացի վրա եւ ուղիներ փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ջանքերին աջակցելու համար»,- ասել է Սեմնեբին:

Սեմնեբին նաեւ նկատել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառել չի կարելի:

Խոսելով իր գործունեության մասին` Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում, որը նա զբաղեցրել է 2006-ից Պիտեր Սեմնեբին նկատել է, որ դա բարդ փուլ է տարածաշրջանի համար: Մասնավորապես նա անդրադարձել է 2008թ. մարտին Հայաստանում ներքաղաքական ճգնաժամին եւ ռուս-վրացական պատերազմին: