Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը մտահոգիչ չի համարում Փաշինյան-Ալիեւ ոչ պաշտոնական, հապճեպ հանդիպումները, սակայն նշում է՝ պետք է մտածել այն ռիսկերի շուրջ, որ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղի ադրբեջանական համայնքը եւ լեգիտիմ Արցախի իշխանություններին հավասարեցնել միմյանց, մի հարթակի բերել։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում։
«Ոչ մի դեպքում չպետք է թույլ, որ բանակցություններն ընթանան այն ուղով, որով Ադրբեջանն է ուզում»,–շեշտեց նա։
Նրա կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանգամանալից զրույց է ծավալվել, եթե 1.5 ժամ է տեւել, սակայն նա հոռետեսական գնահատականներից խուսափում է։ «Որքան ավելի շատ հանդիպումներ լինեն, այնքան ավելի լավ»,- հավելեց պատգամավորը։
Չնայած որ բանակցային ձեւաչափն անփոփոխ է, Արման Աբովյանը նշեց, որ Արցախն անուղղակի ներգրավված է, քանի որ Փաշինյանի հանդիպումները Արցախի կոլեգաների հետ ոչ պակաս ինտենսիվ են, քան հենց իրենք բանակցությունները, նա նաեւ համոզված է, որ որոշակի փուլում, երբ վճռական որոշումների անհրաժեշտություն կլինի, Արցախի իշխանությունները միանալու են բանակցություններին։
«Արցախի հարցը հայ ազգը լուծել է, ուստի Հայաստանի եւ Արցախի իշխանություններն ու հայ հանրությունը պետք է գնա այդ հարցի լեգիտիմացման ուղղությամբ»,- ասաց Արման Աբովյանը։
Հարցին՝ նոր հանրաքվեի անցկացումը ԲՀԿ–ում անընդունելի՞ են համարում, նա որոշակի պատասխան չտվեց՝ նշելով, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է, սակայն ցանկացած վճռորոշ հարց պետք է լուծվի ժողովրդի ցանկությամբ։
Հիշեցնենք, որ շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվող Տնտեսական համաշխարհային համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են եւ 1.5 ժամ զրուցել։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան «լայվով» մանրամասներ էր ներկայացրել հանդիպումից՝ նշելով. «Ըստ էության մեր երեք հանդիպումների ժամանակ մենք ավելի շատ քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը: Այսինքն երբ ինչ տեղի ունեցավ, երբ ինչ իրավիճակ էր եւ այդպես շարունակ: Իհարկե, քննարկում ենք նաեւ հնարավորությունները, թե ինչ պայմաններ, հնարավորություններ, ինչ անհնարինություններ կան կարգավորման կոնտեքստում: Ոչ մի էսպես կոնկրետ դետալ չենք քննարկում, մենք ուղղակի մտքեր ենք փոխանակում: Սա ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի փոխադարձ ընկալումներին ծանոթանալու հնարավորություն է»։





























