Սխալը շտկելու համար հարկ չկա ուղղակի հակառակ քայլեր ձեռնարկել: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ էր նախորդ իշխանությունների ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը:

«Տեղյակ եք, որ երբ ես պատգամավոր էի, դեմ էի ԵՏՄ-ին անդամակցությանը: Դրանից հետո ես բազմիցս ասել եմ, որ եթե մենք ինչ-որ բան սխալ ենք համարել, դա չի նշանակում, որ սխալը շտկելու համար պետք է կատարել ուղղակի հակառակ քայլեր»,- ասել է Փաշինյանը:

Նա որպես օրինակ բերել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը Իրաքի հարցում: «Բարաք Օբաման կարծում էր, որ (իր նախորդ) Ջորջ Բուշ կրտսերը սխալ է վարվել, երբ զորքերն Իրաք է մտցրել: Նա որոշեց անել ուղղակի հակառակը՝ Իրաքից զորքերը դուրս բերել: Եվ ի՞նչ ստացանք մենք: ԻՊ-ին ստացանք... Այսինքն՝ ահա այսպիսի ընկալում: Փաստ է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է: Չեմ կարծում, որ դիվանագիտության մեջ կտրուկ շրջադարձերն օգտակար են: Մեր ջանքերը հիմա ուղղված են նրան, որ ԵՏՄ-ն ավելի արդյունավետ դարձնենք, նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ին: Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ավելի արդյունավետ, օգտակար եւ հեռանկարային լինի»,- նշել է նա: