Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ծրագրում է միավորել WhatsApp-ը, Instagram-ը եւ Facebook Messenger-ը, որոնք նույնպես պատկանում են ընկերությանը։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով չորս տեղեկացված անձանց։

Այս ծրագրի իրականացման համար, ինչպես նշում է թերթը, Facebook-ի հազարավոր աշխատակիցներ պետք է փոփոխեն սպասարկումների ձեւը։ Ընդ որում, բոլոր երեք ծրագրերը կաշխատեն որպես առանձին հավելվածներ՝, որոնք կունենան հաղորդագրություններ փոխանակելու միասնական համակարգ։ Մասնավորապես, Ցուկերբերգի պահանջով, դրանցում կգործածվի միջանցիկ կոդավորում, որը կերաշխավորի, որ հաղորդագրությունները տեսնում են միայն զրույցի մասնակիցները։ The New York Times-ի տվյալներով՝ Facebook-ում այս ուղղությամբ աշխատանքը դեռեւս սկզբնական փուլում է եւ ավարտին կհասցվի 2019թ․ վերջին կամ 2020թ․ սկզբին։

Այս քայլն, ըստ թերթի, Ցուկերբերգին թույլ կտա ամրապնդել ընկերության վերահսկողությունն այն պայմաններում, երբ Facebook-ի շուրջն անընդհատ աղմուկ է բարձրանում։