Մի քիչ անսովոր իրավիճակում եմ հայտնվել, որովհետեւ անընդհատ դատարանի որոշումները ես պետք է հրապարակեմ: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ տեղեկացնելով, որ վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ մերժեց երկու կողմերի բերված վերաքննիչ բողոքը: Սա նշանակում է, որ Արմեն գեւորգյանը կմնա ազատության մեջ:
Նա չցանկացավ մեկնաբանել դատարանի որոշումը, որով, ըստ էության, մերժվել էր նաեւ իր պաշտպանների բողոքը. «Ես երբեք սովորություն չեմ ունեցել դատարանների որոշումներին գնահատական տալ: Դատարանի որոշումները պետք է կատարվեն»:
Հարցին, թե մարտի 1-ին բանակը ներգրավվե՞լ է ներքաղաքական գործընթացներին, նա պատասխանեց. «Դա պատկան մարմինների գործառույթներն են, ես որքանով ներգրավված եմ այս գործում, ունեմ պարտավորություն իմ ունեցած տեղեկությունները չհրապարակելու, ուստի նորից եմ խնդրում ինձ գործի հետ առնչվող հարցեր մի տվեք, միեւնույն է, չեմ պատասխանելու: Ես շատ պարտաճանաչ քաղաքացի եմ, քննության գաղտնիքը հարգում եւ պահպանում եմ»:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեռեւս ամռանն արված հայտարարությանը, թե մարտի 1-ն արդեն բացահայտված է, Արմեն Գեւորգյանն ասաց. «Իրենք են հայտարարել, որ մարտի 1-ը բացահայտված է, իրենց էլ հարցրեք: Ես տեսակետ չունեմ այն հարցերի վերաբերյալ, որոնք քրեական գործով ինձ չեն վերաբերվում»:
Անդրադառնալով սահմանադրական կարգի տապալման հոդվածին, նա ասաց. «Այդ հոդվածը վերաբերում է լրիվ ուրիշ դրվագի, լրիվ ուրիշ թեմայով է, ուրիշ մարդկանց հետ է կապված»: Հարցին, թե դա առնչություն չունի՞ մարտի 1-ի դեպքերին, նա արձագանքեց. «Հետո ի՞նչ»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։ Այս որոշումը բողոքարկել էր ՀՀ գլխավոր դատախազությունը։ Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը։ Մասնավորապես Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել նաեւ ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:
Նշենք, որ դեկտեմբերի 12–ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):
Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:











