ՀՀ  երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը պատրաստ է ՀՔԾ  պետ Սասուն Խաչատրյանի հետ գնալ բանավեճի։  Այս մասին այսօր՝  հունվարի 29- ին  Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստից առաջ  լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը։  Խոսելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ նախօրեին արած հայտարարության եւ ՀՔԾ պետի արձագանքի մասին,  Սահակյանն ասաց.  «Երեկ գեներալներից մեկն ասաց՝ նա Հանրապետության նախագահ էր, ի՞նչ կարիք ուներ սահմանադրական կարգը տապալելու: Այնքան խելացի միտք ասաց, բայց մեկ ուրիշը, որ նրան արձագանքեց ( նկատի ունի ՀՔԾ պետ Սասուն Խաչատյանին-խմբ) այդքան կարողություն չուներ, որ նման մեկնաբանություն տար, կանչեց բանավեճի»:

Ճշտող հարցին, թե պատրա՞ստ է ՀՔԾ պետի հետ գնալ բանավեճի, նա պատասխանեց՝ իսկ ի՞նչ է եղել, որ:  Փաստաբանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ Հանրապետության նախագահը անձեռնմխելի ,է եւ այն նորմը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ տեղին չէ.  «Այդ նորմով  նրան մեղադրանք առաջադրել չի կարելի, հիմնավոր կասկածը բացակայում է։ Վերաքննիչ դատարանից պահանջում ենք, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվի»,- ասաց նա։ Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին չի մասնակցի:

Հիշեցնենք, որ հունվարի 28–ին  «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Վալասանյանն,  անդրադառնալով ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ  Ռոբերտ Քոչարյանին առաջադրված՝ Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ մեղադրանքներին, Վիտալի Բալասանյանն ասել էր.  «Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է»։ Այս  հայտարարությանն արձագանքել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն՝  ասելով․ «Եթե նա լուրջ իրավաբան է, ես հրավիրում եմ գա, նստենք, քննարկենք իրավաբանական տեսանկյունից»: