Apple ընկերությունը նախատեսում է իջեցնել iPhone սմարթֆոնների գինը մի շարք երկրներում, որտեղ դոլարի նկատմամբ ազգային արժույթների զգալի թուլացում է եղել: Այս մասին հայտարարել է Apple-ի ղեկավար Թիմ Քուքը՝ Reuters-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ այն երկրներում, որտեղ անցյալ տարվա ընթացքում ազգային արժույթների տոկոսադրույքները նվազել են դոլարի նկատմամբ, iPhone-ի գինը «ակնհայտորեն ավելի է աճել»: Apple-ի ղեկավարի խոսքերով, ընկերության աշխատակիցները «այդ շուկաներից մի քանիսում կատարել են մակրոտնտեսական պայմանների գնահատում»: Ինչպես Քուքն է հստակեցրել, արդյունքում Apple-ում «որոշել են վերադառնալ նրան, ինչն ավելի էր համապատասխանում ընկերության արտադրանքի անցյալ տարվա տեղական գներին»՝ վաճառքի ծավալները մեծացնելու համար:
Reuters- ի տվյալներով, 12 տարվա մեջ սա երկրորդ անգամն է, երբ ընկերությունը նվազեցնում է iPhone-ի առաջատար սմարթֆոնների գինը: Քուքը չի նշել, թե որ երկրների մասին է հատկապես խոսքը։ Apple-ի ներկայացուցիչները, ինչպես գործակալությունն է հաստատել, ավելի վաղ նշել էին, որ ազգային արժույթները թուլացել են դոլարի նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանում, Թուրքիայում եւ Բրազիլիայում: Ընկերությունը նաեւ արձանագրել է Չինաստանում iPhone-ի վաճառքի անկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























