ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ «Նաթան Ասոշիէյթս ինկ.»-ի կողմից իրականացվող CAPS ծրագիրն ավարտել է իր առաքելությունը Հայաստանում։ Այսօր՝ փետրվարի 25-ին այդ կապակցությամբ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նշվել է ծրագրի ավարտը։

Նախապես CAPS-ի (Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում) համար նախատեսված էր 5 տարի ժամկետ։ Սակայն ծրագրի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանն ասում է, որ ժամկետը երկարաձգվեց 6 ամսով՝ հաշվի առնելով հաջողությունները։

2005 թ. սեպտեմբերից գործող CAPS ծրագիրն աջակցել է ավելի քան 500 տեղական ընկերության, մշակել է ՏՏ եւ զբոսաշրջության ոլորտների ազգային ռազմավարությունները, էլեկտրոնային կառավարման եւ Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային զարգացման ծրագրերը։ Բավական մեծ է CAPS-ի ավանդը դեղագործության ոլորտում՝ GMP ստանդարտներին անցնելու կապակցությամբ։

CAPS-ում աշխատում էին 20 հոգի (չհաշված արտասահմանցի փորձագետները)։ Ա. Ղազարյանի տեղեկացմամբ՝ նրանց մեծ մասն արդեն այլ աշխատանքի անցնելու առաջարկ է ստացել։

Նշենք, որ մայիսին ԱՄՆ Զարգացման գործակալությունը Հայաստանում կսկսի մեկ այլ ծրագիր՝ EDMC (ձեռնարկությունների զարգացում եւ շուկայի մրցունակություն)։