Կիբերանվտանգության ոլորտում թուրք մասնագետ Մելիհ Սեւիմը գտել է խոցելի կողմ, որը պոտենցիալ հնարավորություն է ընձեռում ցանկացած օգտատերի՝ iPhone սմարթֆոնների տվյալների մեջ մուտք գործելու: Այս մասին վերլուծաբանը հայտնել է The Hacker News պորտալին:

Apple ընկերությունը Apple ID ինդիկատորում նշված հեռախոսահամարը կապում է iCloud-ի սեփականատիրոջ հաշվին: Անցկացնելով սեփական ուսումնասիրությունը՝ Սեւիմը նկատել է, որ iCloud-ում գրանցված ցանկացած օգտատեր  կարող է տեղեկությունների մեջ նշել մեկ ուրիշ հեռախոսահամար եւ այդպիսով ձեռք բերել տվյալների մի մասը, որը համակարգում կապված է այդ համարի հետ։

Այսպիսով, վերլուծաբանը կարողացել է տեսնել այլ հեռախոսի մեջ արված նշումները: Նրա խոսքերով, դրանցից շատերում պահպանվում են տեղեկություններ բանկային հաշիվների վերաբերյալ, ինչպես նաեւ տարբեր ծառայությունների տրամադրած գաղտնաբառերը:

Apple- ից պաշտոնական հայտարարություններ դեռեւս չկան՝ հայտնաբերված խնդիրների հետ կապված, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: