Աշխարհում բազային մակարդակով անգլերենին տիրապետում է մոտ 1,5 մլրդ մարդ։ Միեւնույն ժամանակ, չինարենի հյուսիսչինական բարբառով խոսում է 1,3 մլրդ մարդ։ Բայց այդ նշանային համակարգերից եւ ոչ մեկը չի դառնա ունիվերսալ «լինգվո ֆրանկա» առաջիկա տարիներին, տեղեկացնում է HighTech+-ը։

Շուտով շուկայում կհայտնվեն բջջային սարքեր թարգմանության համար՝ շարժական ձայնագրիչներ, ականջակալներ եւ սմարթֆոնների ծրագրեր, որոնք թույլ կտան տարբեր երկրների զրուցակիցներին հեշտությամբ հասկանալ միմյանց։ Օտար լեզուներ սովորելը կդառնա ոչ անհրաժեշտ, կարծում է լեզվաբան Գասթոն Դորենը։

Փորձագետի գնահատականներով՝ Երկրի բնակչությունը խոսում է 6000 լեզվով, բայց դրանցից ոչ մեկն առայժմ չի կարող մրցակցել անգլերենի հետ։ «Օտար լեզուներ սովորելը նախկինի պես նշանակություն կունենա մի շարք մշակութային եւ հոգեբանական պատճառներով, բայց մեծամասնությունը չի զբաղվի դրանով»,- նշել է լեզվաբանը։

Անգլերենը նույնպես վերափոխվում է։ Էլ ավելի մեծ տարածում կստանա լեզվի հեշտացված տարբերակը միջազգային հաղորդակցման համար։ Հյուսիսչինարենը, որը հայտնի է նաեւ որպես մանդարիներեն, նույնպես տարածում կստանա, քանի որ Չինաստանը ձեռք է բերում էլ ավելի մեծ ազդեցություն քաղաքականության եւ տնտեսության մեջ։

Ընդհանուր առմամբ, անգլերենի, մանդարիներենի, հինդի-ուրդուի եւ իսպաներենի իմացությունը բավարար կլինի, որպեսզի ազատ տեղաշարժվես աշխարհում առանց թարգմանչի, կարծում է փորձագետը։

Բայց դրա անհրաժեշտությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստեղծվել  ունիվերսալ թարգմանիչ սարքեր։ Դորենն ասում է, որ դրա մշակման վրա շատ ժամանակ կծախսվի, բայց վաղ թե ուշ ինժեներա-լեզվաբանական խնդիրը կլուծվի։

Լաս Վեգասի CES 2019 ցուցահանդեսում տասնյակ ընկերություններ ներկայացրել են համաժամանակյա թարգմանության ունիվերսալ սարքեր։ Waverly Labs-ը եւ Timekettle-ը ներկայացրել են թարգմանիչ ականջակալներ, իսկ նիդեռլանդական Travis-ը թողարկել է գրպանի սարք։

Համաժամանակյա թարգմանության համակարգ է ստեղծել նաեւ Google-ը։ Google Assistant վիրտուալ օգնականը ճանաչում է 27 լեզու եւ թարգմանում է հնչող խոսքը իրական ժամանակի ռեժիմում։