«0038» հրամանում չկա որևէ դրույթ, որի համար կարելի է Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրել կամ նույնիսկ նախատել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե այդ հրամանը ստորագրելու ու այդ մասին չտեղեկացնելու մեղքը բարդվում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վրա։

«Նշված հրամանն իր մեջ չի պարունակում որևէ դրույթ, որի համար կարելի է պարոն Հարությունյանին ոչ միայն մեղադրանք առաջադրել, այլ նույնիսկ նախատել։ Չկա այդպիսի դրույթ. այդ հրամանի մասին ձեզ բացարձակ ապատեղեկացրել են։ Այդ հրամանի մեջ չկա այնպիսի բան, որից կարելի է թեկուզ ամաչել։ Այդ հրամանի մեջ ոչ մի վատ բան չկա»,–հայտարարեց նա։

Ալումյանի խոսքով՝ այս պահին ՀՔԾ-ի գործողություններից տպավորություն չեն ստանում, թե նրանք փորձում են պարզել մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ 10 զոհերի մահվան հանգամանքները։

«Մինչև հիմա չեմ տեսել, չեմ զգացել, որ ՀՔԾ-ն 10 զոհերի սպանության հանգամանքների շուրջ լուրջ քննություն իրականացնի»,- ասաց նա։

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյան իր ելույթում անդրադարձ կատարե՞լ է, թե ինչի արդյունքում է 10 անձ զոհվել, փաստաբանը պատասխանեց, որ ՝ ոչ։

«10 զոհերից երկուսը ոստիկան են եղել, երևի կռահում եք՝ ինչի հետևանքով կարող էին զոհվել նրանք։ Երկու կողմից էլ զինված են եղել չէ՞. մի կողմում ոստիկաններ էին, մյուս կողմից՝ ցուցարարներ և խռովարարներ»,- ասաց նա։

Փաստաբանն անդրադարձ կատարեց նաև Մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությանը։

«Երբ որ լսում եմ Մարտի մեկի իրադարձությունների հաջորդ օրը այդ դեպքերի վերաբերյալ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությանը, տեսնում եմ, թե ինչ խանդավառությամբ է պարոն Տեր–Պետրոսյանը խոսում այդ իրադարձությունների մասին, և ես չեմ բացառում, որ այդ զոհերից ոմանք կարող էին լինել խռովարարների կողմից արձակված կրակոցների հետևանքով»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ դատավճիռներից մեկով հաստատվել է, որ ցերեկը ոստիկանին ծեծել և ձեռքից խլել են ատրճանակը։

«Տեսել եք նաև այն տեսնյութը, որտեղ երևում է, որ ցուցարարների կողմում գտնվող անձանցից մեկը կրակահերթ է արձակում ոստիկանական ուժերի ուղղությամբ»,– ասաց նա։

Փաստաբանը կոչ արեց՝ նախ և առաջ մանրամասն քննել և պարզել Մարտի մեկի 10 զոհերի սպանությունների հանգամանքները, ապա նոր այդ իրադարձությունների վերաբերյալ հետևություններ անել։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է պարզել, թե զոհերից ով ՝ ում կողմից է սպանվել.

«Եթե սպանվածը ցուցարների կողմից է եղել, դա դեռ փաստ չէ, որ սպանողը եղել է ոստիկանական ուժերի կողմից և հակառակը։ Մենք չպետք է հիմնվենք ենթադրությունների վրա»,- ասաց նա։