Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ հակասությունն իրական է, եւ դա բնական է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Միաժամանակ` նա կարծիք է հայտնել, որ պետության նախկին եւ գործող ղեկավարների միջեւ հակասությունները բնական են բոլոր երկրներում: «Եզակի բացառություն է դարձել Ռուսաստանը, որտեղ նախկին նախագահ Վլ. Պուտինը նախկին վարչապետ Դ. Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո ղեկավարեց կառավարությունը, եւ նրանք շարունակում են աշխատել նույն թիմում: Սակայն նույնիսկ այդ երկու անձանց միջեւ պարբերաբար հակասություններ են առաջանում, եւ գնալով դրանք ավելի խորն են դառնում»,-նկատել է փորձագետը:

Ռ. Կիրակոսյանը միաժամանակ հնարավոր չի համարել Ռ. Քոչարյանի վերադարձը, քանի որ, ըստ նրա, Ս. Սարգսյանի դիրքերը նախագահի պաշտոնում գնալով  ամրապնդվում են, իսկ Ռ. Քոչարյանը գնալով ավելի է հեռանում իշխանությունից:

«Ռ. Քոչարյանն օր օրի ավելի շատ է դառնում «նախկին» նախագահ, եւ դա բնական է»,-նկատել է փորձագետը` ընդգծելով, որ դա եւս բնականոն գործընթաց է` բնորոշ գրեթե բոլոր երկրներին: