Facebook-ն իր Messenger-ում ներդնում է ուղարկված հաղորդագրությունը ջնջելու գործառույթը ՝ հայտնում է The Verge-ը։

Հաղորդագրությունը կարելի է ջնջել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում՝ պետք է սեղմել գրածի վրա եւ ընտրել «ջնջել բոլորի համար» գործառույթը, որի դեպքում չաթում կհայտնվի տեքստ այն մասին, որ հաղորդագրությունը ջնջվել է։

Facebook-ի ներկայացուցիչը The Verge-ին հայտնել է, որ նոր գործառույթը փետրվարի 5-ի ընթացքում կհայտնվի iOS-ում եւ Android-ում, եթե ներբեռնվի Messenger-ի վերջին թարմացումը։

Թերթը գրում է, թե Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ի սկզբանե ուներ այդ հնարավորությունը, սակայն այն չէր կիրառվում տվյալների արտահոսքից խուսափելու համար։

Հաղորդագրությունները ջնջելու հնարավորություն կա WhatsApp-ում, Telegram-ում եւ Viber-ում։ Որոշ հավելվածներում հաղորդագրությունն ընդհանրապես անհետանում է, մյուսներում հայտնվում է նշում այն մասին, որ հաղորդագրությունը ջնջվել է։