Չինական Huawei ընկերությունն առաջարկել է կիբեռանվտանգության կենտրոն կառուցել Լեհաստանում, որտեղ անցյալ ամիս լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էր ընկերության աշխատակիցը եւ լեհական անվտանգության ծառայության նախկին աշխատակիցը՝ հայտնում է Reuters-ը։
«Մենք պատրաստ ենք Լեհաստանում ստեղծել կիբեռանվտանգության կենտրոն, եթե իշխանությունները դա համարեն հուսալի որոշում»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանում Huawei-ի ղեկավար Թոնի Բաոն։
Huawei ընկերությունը տեղեկատվական անվտանգության լաբորատորիաներ է ստեղծել Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում, որպեսզի ամրապնդի այն վստահությունը, որ իր սարքավորումները չինական հատուկ ծառայությունների համար «գաղտնի դռներ» չեն պարունակում։
Լեհաստանի կառավարությունը մտադիր է բացառել Huawei սարքավորումները 5G ապագա ցանցի ստեղծման նախագծից՝ ԱՄՆ-ում հնչած այն մտավախության պատճառով, որ Huawei-ի տեխնոլոգիան կարող է հագեցած լինել նման «գաղտնի դռներով»։
ԱՄՆ-ը ուզում է, որ Եվրոպան Huawei-ից անցնի արեւմտյան արտադրատեսակներին, քանի որ չինական ընկերության տեխնոլոգիաների անվտանգության հանդեպ մտավախություններ ունի։
Huawei-ը հերքում է, որ իր տեխնոլոգիան կարող է օգտագործվել լրտեսության նպատակով։
Այս կապակցությամբ ընկերությունը բախվում է միջազգային աճող ակնդետ ուշադրությանը։





























