Apple կորպորացիան կպարգեւատրի 14-ամյա Գրանտ Թոմփսոնին, որն առաջինն է FaceTime հավելվածում սխալ գտել, որը թույլ է տալիս տեսնել կամ լսել բաժանորդին՝ մինչ նա կպատասխանի զանգին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Verge-ին։
Բացի այդ, ընկերությունում հայտնել են, որ Apple-ը կվճարի նաեւ Գրանտ Թոմփսոնի ուսման վարձը։ Պարգեւատրման կոնկրետ չափը չի նշվում։
Հունվարին տեղեկացվել էր, որ Apple սարքերից օգտվողները սխալ են հայտնաբերել FaceTime-ում, որը թույլ է տալիս տեսնել կամ լսել բաժանորդին մինչեւ նրա՝ զանգին պատասխանելը։ Այդ սխալը կապված էր խմբային տեսազանգերի գործառույթի հետ, որը ընկերությունը ներկայացրել էր 2018 թվականի հոկտեմբերի վերջին։ Այն բանից հետո, երբ Apple-ին հայտնի դարձավ խնդրի մասին, այն ժամանակավորապես անջատեց գործառույթը FaceTime-ում։
Ընկերությունը հայտարարություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնել օգտատերերին, ովքեր առաջինն են տեղեկացրել սխալի մասին եւ ներողություն խնդրել բոլորից, որոնց առնչվել է անսարքությունը։ Փետրվարի 7-ին թողարկվել է թարմացված iOS 12 օպերացիոն համակարգը, որը վերացնում է սխալը։





























