Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը փետրվարի 27-ին նշել է Սումգայիթի ողբերգական իրադարձությունների տարելիցը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առավոտյան եկեղեցում մատուցվել է ջարդերի զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Միջոցառմանը մասնակցել են Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, հյուպատոսության աշխատակիցներ, Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող հայ սպաներ եւ ունկնդիրներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Պատարագի ավարտին կիրակնօրյա դպրոցի դահլիճում տեղի է ունեցել Սումգայիթի ջարդերի մասին ֆիլմի ցուցադրում, որից հետո հանդես են եկել Սանկտ-Պետերբուրգի եւ Հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի հայ համայնքի հոգեւոր հովիվ ս.հ. Նշան Պետրոսյանը, ՀՀ Գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ինչպես նաեւ ջարդերը վերապրած նախկին սումգայիթցիներ եւ բաքվեցիներ:
Ելույթ ունեցողներն, անդրադառնալով Սումգայիթի ոճրագործություններին եւ որակելով դրանք որպես ցեղասպանություն, դատապարտեցին Ադրբեջանի իշխանությունների հայատյած քաղաքականությունը եւ շեշտեցին, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից:
Այնուհետեւ Սբ. Կատարինա Հայ Առաքելական եկեղեցու բակում կայացել է ցույց ի հիշատակ Սումգաիթի ջարդերի զոհերի: Միեւնույն ժամանակ հայ երիտասարդները Նեւսկի պողոտայի վրա տեղադրել էին Սումգայիթի ցեղասպանությունը դատապարտող պաստառներ` գրավելով անցորդների մեծ ուշադրությունը:
Նշենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային կոտորածներ են տեղի ունեցել։ Ադրբեջանցի հրոսակները էթնիկ հողի վրա սպանում էին հայ բնակիչներին, ոչնչացնում նրանց ունեցվածքը։ Դաժան տանջանքների էին ենթարկվել եւ սպանվել ավելի քան երեք հարյուր սումգայիթցի հայեր։ Հազարավոր մարդիկ փախստականներ էին դարձել։ Ադրբեջանական ոստիկանության անգործության ֆոնին հրոսակներին կարողացել էին զսպել ջարդերի երկրորդ օրը քաղաք մտած ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները։ Ներկայիս Ադրբեջանում ջարդերի մասին ընդունված է լռություն պահպանել։





























