Facebook ընկերությունը որոշել է լիովին հրաժարվել Android եւ iOS պլատֆորմներում բջջային սարքերի իր հավելվածներից, որոնք թույլ են տալիս հետեւել օգտատերերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով TechCrunch-ին:
«Facebook-ը որոշում է կայացրել դադարեցնել օգտագործել շուկան ուսումնասիրելու անվճար ծրագրերը եւ նախապես հեռացրել է իր Onavo VPN ծրագիրը Google Play-ից [Android հավելվածների խանութ]»,-նշել է պորտալը: Նաեւ հիշեցրել է, որ iOS-ի համար նմանատիպ հավելվածը՝ Facebook Research, արգելափակվել էր Apple ընկերության կողմից ընթացիկ տարվա հունվարին:
Անցած ամիս TechCrunch-ը հրապարակել էր իր սեփական հետաքննության արդյունքները, որը բացահայտել էր, որ 2016 թվականից Facebook-ն ամսական 20 դոլար էր վճարում 13-35 տարեկան օգտատերերին հավելվածը ներբեռնելու համար, որի միջոցով ընկերությանը հասանելի էին դառնում սոցցանցերում եւ մեսինջերներում նամակագրությունը, էլեկտրոնային փոստի հասցեները, ակտիվությունը համացանցում, գտնվելու վայրը:
Facebook-ի աղբյուրը հայտնել էր NBC հեռուստաալիքին, որ ընկերության ղեկավարությունը չի համարում, որ նման ծրագրերը «լրտեսական» են: «Դրանում գաղտնի ոչինչ չկար, հավելվածը կոչվում էր Facebook Research App: Դա «լրտեսություն» չէր, քանի որ օգտատերերը գրանցվում էին եւ համաձայնություն տալիս [անձնական տվյալները մշակելու]»,-հեռուստաալիքը մեջբերել է ընկերության ներկայացուցչի խոսքերը:
Facebook-ը բազմիցս քննադատվել է Apple-ի կողմից, որը դժգոհ էր, որ սոցցանցը հավաքագրում է օգտատերերի նախասիրությունների մասին տեղեկատվությունը:





























