Swatch Group ընկերությունը հայց է ներկայացրել ԱՄՆ Նյու Յորքի նահանգի հարավային շրջանի դատարան՝ մեղադրելով Samsung Electronics-ին եւ Samsung Electronics America-ին իր ապրանքանշանի դեմ ոտնձգության մեջ՝ հայտնում է IXBT-ը։

Ժամացույցների շվեյցարական արտադրողը համոզված է, որ հարավկորեական ընկերության «խելացի» ժամացույցների թվահարթակում «ներառված են տարրեր նման նրանց», որոնք Swatch-ն օգտագործում է իր բրենդների, այդ թվում՝ Longines-ի, Omega-ի, Swatch-ի եւ Tissot-ի թվահարթակներում։ Այդ նշանները պաշտպանված են որպես ապրանքանշաններ։ Աղբյուրի նկարագրությունից պարզ չէ, թե հատկապես ինչ նշանների մասին է խոսքը։

Swatch-ը պահանջում է դատական հետաքննություն՝ Samsung-ին մեղադրելով անբարեխիղճ մրցակցության մեջ եւ ակնկալելով 100 մլն դոլարի փոխհատուցում։

Ըստ Swatch-ի, հայցը ներկայացվել է ԱՄՆ-ում, քանի որ հենց այդ երկրում են գրանցվել նշված ապրանքանշանները եւ այդ երկրում են ներբեռնման համար հասանելի Samsung Gear Sport-ի, Gear-ի, S3 Classic-ի եւ Frontier-ի թվահարթակները։