Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ Իրկուտսկի մարզի նահանգապետ Սերգեյ Լեւչենկոն մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ներուժի զարգացման հարցերը, հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:
Զրույցի ընթացքում նշվել է, որ կողմերը մտադիր են երկկողմ փոխգործակցությունը խորացնել, պայմաններ ստեղծել առեւտրի ծավալների, ներդրումների աճի եւ մշակութային կապերի ընդլայնման համար:
Վարդան Տողանյանը հանդիպման ժամանակ, մասնավորապես, հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Իրկուտսկում պատվո հյուպատոսություն բացել, որը փոխգործակցություն կապահովի նաեւ հարեւան մարզերի հետ:
«Անհրաժեշտ է մեր կապերը զարգացնել, ավելին՝ մեր 2 երկրների դաշնակցային եւ ռազմավարական գործընկերությունը հնարավորություն է ընձեռում առավել ակտիվորեն ներդրվել տնտեսական տարածքին: Մենք տրամադրված ենք աշխատելու մեր ընդհանուր շահերի զարգացման վրա»,- ասել է Վարդան Տողանյանը:
Մարզի նահանգապետն իր հերթին ընդգծել է, որ 2018 թվականի նախնական տեղեկություններով՝ Իրկուտսկի մարզի եւ Հայաստանի միջեւ առեւտրի ծավալը կազմում է 500 հազար դոլար:
«Հայաստանի Հանրապետությունը եւ Իրկուտսկի մարզը կարող են միմյանց մոտ ու հետաքրքիր լինել զբոսաշրջային ուղղությունների համատեղ զարգացման ոլորտում»,- նշել է Սերգեյ Լեւչենկոն:
Հանդիպման ժամանակ խոսել են նաեւ հումանիտար ոլորտում շփումների հաստատման մասին, մասնավորապես՝ միջբուհական փոխանակության մասին: Նահանգապետը Հայաստանի Հանրապետության ուսանողներին հրավիրել է մասնակցելու «Բայկալ» Միջազգային երիտասարդական ճամբարին, որն ամեն տարի անցկացվում է Իրկուտսկի մարզում:
Դեսպան Տողանյանը զրույցի ընթացքում նահանգապետի հետ քննարկել է նաեւ մարզում հայկական եկեղեցու կառուցման համար հողահատկացման հարցը:
Քննարկվել է եւս մեկ ուղղություն՝ համատեղ ցուցահանդեսային տոնավաճառների եւ իմիջային միջոցառումների անցկացումը, որը երկու կողմի համար էլ հետաքրքիր է:




























